«ԼԱՎ ՏՂՈՒ» ՔՈՒՅՐԸ
Ես
anushanahit

Արդեն վաղուց օրիորդ դարձած գեղեցկադեմ ուսանողուհին իր մեջ սառեցնում էր ցանկացած զգացմունք հետաքրքիր պատանիների հանդիպելիս, որովհետև ինքը «լավ տղի» քույր էր, ու իր կենսագրությունը «բդի մաքուր լիներ»։
Ինչ ասել է մաքու՞ր։
Մաքուր, ասել է՝ մաքուր։
Այսինքն, անբիծ, ինչպես սպիտակ թուղթը։
Այո, իր կյանքը նմանեցնում էր մաքուր, սպիտակ թղթի հետ։
Մտքում նախանձում էր եղբայր չունեցող, իրենց բախտը հանգիստ տնօրինող նկերուհիներին։
Ընկերուհիներից շատերի կյանքը նման էր խզբզած թղթի։ Եթե կարիք կար, հարկավոր տեղերում, հարկավոր մարդկանց ոտնահետքեր ու մատնահետքեր էին հայտնվում, եթե կարիքը կար, ոտնահետքերն ու մատնահետքերը ռետինով խմամքով ջնջում էին, հանում հիշողությունից, դեն գցում կյանքից։
Ընկերուհիների թղթի վրա ծաղիկներ կար խզբզած, թատրոնի ու համերգի տոմսեր կային փակցված, ուրախ ու տխուր հիշողություններ կային։
Հիասթափություններ ու երջանկության պահեր կային։
«Լավ տղի» քրոջ հետ այս ամենը բացառվում էր։
Նրա քույրը իր սպիտակ թուղթը անբիծ պիտի պահեր։
Այնտեղ անգամ մի կետ դնելու համար, մի հեռախոսազանգ, մի ցամաք բարև նկարելու համար, «լավ տղեն» պիտի իր թույլատվությունը տար։
Ու եղավ այնպես, որ օրիորդը հասունացավ, ավարտեց ուսումը ու անելիք, չուներ այլևս՝ լավ տղու քույրը չպետք ա աշխատեր։ Ուրեմն ամուսնանալու ժամանակն էր արդեն, բայց եղբայրը ոչ մեկին չէր հավանում, որ իր թույլտվությունը տար։
Այսինքն, չէր պատկերացնում, որ քրոջ կողքից տղամարդ կարող է քայլել։
Մնացած բաների մասին էլ լռում եմ, որ թասիբի մեռած լավ տղեն հանկարծ կոմայի մեջ չընկնի։
Մայրը օրերով կռիվ էր տալիս տղայի հետ, թե քրոջդ բախտի վրա նստել ես, այ որդի, սա հո քո սեփականությու՞նը չի։
Տղան էլ էր հասկանում, որ էսպես սխալ է, բայց շրջապատ կար, ախպերություն կար, հազար հատ ուզող ու չուզող ուներ, որոնք բերանները բաց սպասում էին առիթի, որ պատերի տակ չարախոսեին։
Նաև, ինքն անձամբ, էնքան էր սրա-նրա կնոջից ու քրոջից չարախոսել, որ արդեն պատկերացնում էր, թե ի՞նչ հաճույքով պիտի իրեն քննարկեն, եթե թեմա ընկնի ձեռքները։
Էս մղջավանձից ազատվելու համար, նաև, որ քույրը իր մեղքով տանը չմնա, որոշեց իր արդար ձեռքով, ու «ճշտով» ամուսնացնել։
Ծանոթացրեց իր շրջապատից մի տղայի հետ, ով ապահով էր ապրում, փողին փող չէր ասում, ողջ քաղաքի աղջիկները իր ետևից վազում էին, ոնց ինքն էր ներկայացնում՝ տուն-տեղ ուներ, պաշտոնով ծնողներ, մի խոսքով, ավել բան պետք չէր։
Ծանոթացրեց ու բոլոր ժամադրությունները իր հսկողության տակ անցան։
Եթե սրճարանում պիտի հանդիպեին, քրոջը մեքենայով տանում էր սրճարան, հանդիպումից հետո էլ, մեքենայով տուն բերում։
Ամեն ինչ մաքուր ու «ճշտով» ։
Կարճ ժամանակից հետո աղջիկն ու տղան որոշեցին ամուսնանալ, որովհետև ամուսնությունն էր միակ ելքը, էս թասիբի մեռած եղբորից ազատվելու համար։
Ամուսնացան, առանց միմյանց ճանաչելու, ու օրիորդը դարձավ «լավ տղու» կին։
Սպիտակ թղթի վրա զագսի կնիքի հետ ավելացավ նաև արգելված քայլերի ցանկը։
«Լավ տղու» կինը մենակ դուրս չի կարող գնալ, հագուստը ամուսինը պիտի ընտրի, հայացքը պիտի ուղղված լինի գետնին, իրեն բարևող, որպիսություն հարցնող չպիտի լինի։ Ի՞նչ կուրսեցի, ի՞նչ դասարանցի...
Հետո, օր օրի սկսվեցին էնպիսի խզբզոցներ ավելանալ, սպիտակ թղթի վրա, որ ոչ պատմել է կարելի, ոչ նկարագրել։
Էնքան անխնա խզբզվեց, որ ոչ ջնջել էր լիմում, ոչ խմբագրել...
Տանջվեցին, տառապեցին բոլորը տարիներով, իրար հեր անիծեցին, ծեծեցին ու ծեծվեցին։
Ով ինչպես կարող էր , ու ինչքան կարող էր դավաճանեցին միմյանց, ատեցին ու նողկացին իրարից։
Վերջում այս խզբղած թղթի վրա զագսի բաժանման կնիքը դրվեց ու բոլորը դինջացան։
Շրջապատում էնքան խոսեցին «լավ տղերքից» , որ բերանի ծամոն դարձան։

Read more...Collapse )

ՓՇՐՎԱԾ ԱՐՁԱՆԻԿՆԵՐՈՎ ՌԱՊՍՈԴԻԱ
Ես
anushanahit
Երբ ամուսիններով կռվում էին, ամուսինը ձեռքն ընկած իրը գոռուն գոչյունով , հայհոյանքներով շպրտում էր կնոջ վրա:
Կնոջ ռեակցիան արդեն էնքան ուժեղացել էր, որ ոչ մի իր , որոնց մեջ նաև թանկարժեք սպասք էլ կար՝ ճենապակյա ափսեներ, հախճապակե վազեր ու չեխական խրուստալից տարբեր իրեր, արձանիկներ, որոնք խնամքով ցուցադրվում էին կոմոդի վրա, չէր թողնում ընկնեն գետնին փշրվեն: Կյանքի գնով օդում բռնում էր, հատակին դնում:
Կռիվները թեժ էին լինում, հիմնականում ամուսնու հերթական դավաճանությունից հետո: Ամուսինը կնոջը դավաճանում էր ամուսնացած կանանց հետ ու էն հարցին, թե՝ բա որ ամուսինդ իմանա, կանայք հիմնականում հանգիստ պատասխանում էին, երբեք չի իմանա....Ու էս պահը մի թունավոր որդ էր գցում ամուսնու ուղեղի մեջ, թե գուցե ինչ որ մեկն էլ իր կնոջ հետ է հանդիպում.... Ու նախորոք, առանց ապացույց, հենց գինովացած էր լինում, արյունը գլխովն էր տալիս....
Սկեսուրը չէր խառնվում, մտածում էր, առանց կրակ ծուխ չի լինում, համ էլ եթե չկա նման բան, թող իմանա, բա որ լինի, ոնց գլուխը կջարդի իր նամուսի գերի տղեն....Միայն ամենաթեժ պահերին սկեսուրը գնում իր սիրած անտիկվար իրերը տղայի տեսադաշտից հավաքում էր, չնայած տղան գիտեր ինչը շպրտեր, ինչը ոչ:
Մի անգամ էլ երբ հերթական կռվի ժամանակ հարսը օդերում ափսեի ու արձանիկների կյանքն էր փրկում, աչքով ընկավ, որ սմուսինը սկեսուրի սիրած արձանիկն է ձեռքը վերցրել, շատ վստահ լինելով, որ կինը չի թողնի, որ գնա կպնի պատին, հազար կտոր լինի: Բայց ավաղ, էս մի անգամ կինը ոչ թե բռնեց, այլ գլուխը թեքեց, որ իրեն չկպնի, ականջի մոտով սուրալով արձանիկը գնաց դիպավ պատին ու փշուր, փշուր եղավ:
Տղայի մայրը առաջին անգամ ռեալ վատացավ, ճվաց, ճչչաց, ծղրտաց, թե՝ ո՞նց կարող էիր, ո՞ոոոոոնց...Դու դիտմամբ արեցիր, դիտմամբ չբռնեցիր, որ փշրվի երկուհարյուր տարվա հնություն ունեցող արձանիկը....Դու դաժան կին ես, դու իմ մահն ես ուզում:
Մեկ էլ սիրտը բռնեց, ընկավ գետնին, մինչ հարսը կարծում էր, որ սուտ է անում, տղան ուզում էր ճշտել, թե իրո՞ք մայրը վատ է, մայրը արդեն հոգին փչել էր....
Ոստիկանությունում հարցաքննեցին նաև հարևաններին, ու պարզվեց, որ խեղճ տղեն ամեն օր սրտահան է եղել կնոջ դավաճանությունների պատճառով, ասացին իրենց լսած խոսքերը, որ ՛՛մեկ ա ես քեզ կբռնացնեմ, վիզդ կկտրեմ, որ ես թասիբի մեռած, շրջապատով տղա եմ, դու դարձի արի և այլն, և այլն՛՛....
Կինը բոլորի համար անսպասելի, խոստովանեց, որ հա դավաճանել է ամուսնուն հաճախակի, բայց սկեսուրը մահացել է արձանիկը պատով տալու պատճառով:
Իսկ արձանիկը ամուսինն է պատով խփել:
Ամուսինը լսելով կնոջ խոստովանությունը, որ գիտեր հազար տոկոս սուտ է, ոստիկանությունում վրա բերց, թե աղջի դու հո աննորմալ չե՞ս, էդ ի՞նչ ես ասում....Կինն էլ թե,հա, ճիշտ եմ ասում, ես միշտ քեզ դավաճանել եմ, դա կհաստատեն բոլորը, ողջ ողջ թաղը քաղաքը ու....
Ամուսինը չէր սպասում էսպիսի խայտառակ շրջադարձի, վստահ էր, որ կինը երբեք չի դավաճանել, որ կինը իր նամուսի խաթեր ամեն ինչ կանի, որ մաքուր դուրս գա....Ու արի տես, անամոթաբար ստում ա, որ իրեն խայտառակ անի, կոտոշներ սարքի, վրեժ լուծի էդպիսով: Ու էդպես էլ եղավ, ընկերների աչքին ամուսնու կոտոշները մինչ երկինք էին հասնում, ամեն հանդիպելիս քչփչում էին իրենց ընկերոջից, ով էդքան նամուսի մեռած էր...
Ոստիկանությունում ամուսինը սովորության համաձայն, հեռսից վերցրեց դեմի ջրով լի կուժը, ու մի ակնթարթում շպրտեց կնոջ վրա, կինը սովորության համաձայն, վայրկյանապես որսաց կուժը, դրեց տեղը: Ու բոլորը մեկ անգամ ևս համոզվեցին, որ կինը արձանիկին միտումնավոր չի փրկել, սկեսուրի մահը իր խղճի վրա է,բայց ապացույց չկար, որ սպանություն է եղել....
Տղամարդը բոլորովին չէր ցանկանում բաժանվեր իր կնոջից, որին իրոք, շատ էր սիրում , բայց հասարակությունն ու շրջապատը լու՜ռ ու անխոս , ուրիշ բան էին պահանջում...
Իսկ հասարակությաը շատ քչերն են, որ չեն ենթարկվում:
Ու ամուսիններով բաժանվեցին, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, կողքից հանկարծ սխալ բան չֆիքսեն մարդիկ, ընկերները, ինքը ճշտով ապրող տղա է....
Կինը ուրախ էր, որ էլ ոչ մեկին , երբեք չի ապացուցելու իր նամուսով լինելը , Ամուսիննն էլ...
Դե ի՞նչ ամուսինը.....Ի՞նչ կար իր ձեռքում այլևս... Սուս ու փուս իր սարքած շիլան պիտի տարիներով ուտեր, դուր էր գալիս իրեն, թե ոչ, դա արդեն շրջապատը չէր քննարկում:


ՇԱՐՄԱՂՆ ՈՒ ՕՀԱՆԸ
Ես
anushanahit


Շարմաղին թվում էր, թե հազար տարի է ապրում իր ամուսնու հետ մի տանիքի տակ ու էդքան տարի էլ դիմանում է վերջինիս ծանր բնավորությանը: Բայց իրականում ընդամենը 65 տարի էին իրար տանջում, ոչ ավել:
Բիձեն երկար տարիներ անկողնային հիվանդ էր; Հիվանդությունների ամբողջ փնջի հետ մի հիվանդություն էլ ուներ, դա խանդն էր;
Որ ճիշտն ասեմ, ամուսինը 85 տարեկան էր, ու Շարմաղը երբեմն ինքն իրեն բռնացնում էր էն մտքի վրա, որ բիձուն բան չի մնացել ապրելու, ու հույս ուներ, որ ամուսնու մահից հետո մի երկու տարի ականջը դինջ կապրի, նոր կմեռնի:
Էսպիսի բանէր, ճիշտ է անցնում էին մտքով, բայց ինքը որպես կին, անփոխարինելի էր: Նորմալ խնամում էր ամուսնուն, համով-համով ուտացնում, մաքուր - իստակ պահում:
Օհան էր այդ ահավոր ծանր շնչի անունը:
Աչքով կնոջը հետևում էր պառկած տեղից, հենց տեսադաշտից հեռանում էր, մեկ էլ կտեսնեիր, անկողնուց ձեն էր տալիս՝
- Շարմաաաաղ, ա՜յ Շարմաղ...
Շարմաղը բաղչում գործերը թողնում էր ճվում՝ գա՜աալիս եմ, գաաալի՜ս...ու վազելով , թազա հարսի պես հասնում, կանգնում էր ամուսնու մահճակալի մոտ, վախից, թե չլնի էդ արևամեռը հեռսից իրեն մահճակալից գցի՞...
- Էն ու՞մ հետ էիր խոսըմ դռանը, Շարմա՞ղ:
- Օքմին էլ կար ոչ:
-Բա ձեններուդ լսեցի՞ :
- Ուրիշ վախտ քյառ ես ձևանում, ըստիյան ընդի ո՞նց լսեցիր մեր փսփսոցը, - բիձու հոգու հետ խաղում էր Շարմաղը:
- Մնա տանը, նստի կողքս, տեղ չգնաս: Էդ Բաղդասարը մինչև մյեռնի ոչ, ես հանգիստ օր չեմ ունենալու:
- Ալլա հալլա, չար տըտանա, էլի սա էկավ, Բաղդասարիցը կպավ, հազար եմ ասել, ես Բաղդասարին երբեք դուր չեմ եկել, թող գնամ գործերս անեմ:
- Չէ, նստի ու չիմ խոստովանի....
- Էս մարդը փորձանք ա լրիվ: Ի՞նչ ա էլել, որ ինչ էլ խոստովանեմ:
- Ինչքանը որ էլելա, էդքանը ասա:Աչքովս եմ տեհել, մի օր բախչի ծերին շլանգը տվուց քեզ, դու էլ վեր կալար, բախչեն ջրեցիր:
Շարմաղին մի ծիծաղ ա բռնել, էլ դու սուս...
- Այ մարդ, դու հո փորձանք չե՞ս.... Տվուց քեզ, ու դու էլ վե կալար...Նըհենց ասում ես, շլանգը տվուց, ես էլ վեր կալա, ոնց որ քեզ դավաճանելիս ես բռնացրել....
- Այո, բռնացրել եմ, սաղ դրանից ա սկսվում:
- Վայ, թարգի, հա՛, նյարդերս իրարով մի տալ:
- Չէ, բեր խոստովանի ու ես դրանից եդնը թե խոսամ, ասա մոթ քեզ, Օհան....
- Օհան, թող գնամ գործերս պրծնեմ, նոր կգամ խոստովանության: Թե չէ էսօր սոված կմնանք, հաց չեմ կարող պատրաստել:
- Դե մտքերդ դրսըմ ձևակերպի, որ գաս, խոստովանես:
- Եղավ տեր հայր, կգամ կխոստովանեմ:
Շարմաղը համ դրսի օջախի վրա ճաշ էր դրել, համ էլ տնամերձում գործ էր անում, մտքում պատկերացնելով, թե ի՜նչ հանգստություն կլինի, երբ Օհանը մեռնի...Ասենք, էլ բան չի մնացել, հայհայը գնացել, վայվայն ա մնացել....Գոնե մի երկու տարի, կամ Աստծու հաջողությամբ, երեք տարի ականջը դինջ կապրի ամուսնուց հետո....
Էսպես երազանքների ու մտածմունքների գրկում գործ էր անում, մեկ էլ աչքը ընկավ տան դռանը, որտեղից Օհանը փետը ձեռքին դանդաղ, օրօրվելով դուրս եկավ....
Շարմաղը լեղաճաք եղավ, թե էս ի՞նչ տեսիլք էր, հեսա կընկնի, ոտ ու ձեռքը կկոտրի...
Արբանյակի արագությամբ հասավ, բռնեց Օհանին, թե այ մարդ, էս ո՞նց վեր կացար...
-Շարմաղ, մի օր վեր տեի կենալ, չէ՞, հո հավերժ չպետք ա պառկեյի....
Չերկարացնեմ՝ էդ օրվանից Օհանը համ պառկում էր, համ վեր կենում, կամաց-կամաց սկսեց այգու մեջ ֆռֆռալ,լոբու սարուների արանքները ստուգել՝ ՛՛չլնի թե հարևան Բաղդասարը էն կռնից էս կուռն անցած ըլնի՛՛
Մինչ Օհանը օր օրի լավանում էր, անգամ գեղամեջ էր դուրս գալիս, իր թայ տղերքի հետ պատի տակի իշոտնուկին նստում ,Շարմաղը վերջնականապես հույսը կտրեց, թե մի երկու տարի վաստակած հանգստի կանցնի, նոր հոգին կփչի...
Մի օր էլ Օհանի շալվարի գրպանից հարևան մոլոկան Օլգայի նկարը գտավ:
Գտավ՝ ու ուղեղի ապահովիչները թռան , նկարը ձեռքին կանգնել մնացել է, չգիտի ի՞նչ մտածի:
Շատ էր կանգնել, թե քիչ, ժամանակի զգացողությունը կորցրել էր, մեկ էլ Օհանի ձայնը կողքից սթափեցրեց:
- Շարմաղ, դե որ նկարը գտել ես, մեծ աղջիկ ես, հաստատ ամեն բան հասկացել ես:Ես տեղափոխվում եմ Օլգայի տուն, մենակ շորերս կտանեմ, թե կուզես, մին-մին էլ կգամ քեզ տեսակցության....
Շարմաղը, որ մինչ այդ Օհանից ազատվել էր ուզում, արյունը խփեց գլխին: Հա՛, ասենք ուզում էի ազատվել, բայց էսպե՞ս...Պահեմ, պահպանեմ պոպոքի միջուկի պես, ոտքի կանգնացնեմ ու օրը ցերեկով, աչքերս բաց նայեմ, թե ոնց ա Օլգան Շարմաղից Օհան փախցնու՞մ: Միայն դիակիս վրայով...
Մինչ Շարմաղը դես դեն ընկավ, ձեռքերը ծնկներին խփեց, հողերը գլխին լցրեց, ձեռքի նկարը պատռոտեց, Օհանը արդեն ծլկել էր Օլգայի տուն:
Շարմաղը չգիտեր իր անելիքը, մտածում էր, պիտի որ ուրախանար, վերջապես ազատվել է Օհանի ծանր շնչից, բայց չէ....Օրերով տեղը չէր գտնում;
Մի օր էլ վերցրեց Օլգայի նկարի պատռտված կտորները, ճամփա ընկավ դեպի հարևան գյուղ, թուղթ ու գիր անողի մոտ:
Ասաց՝ էս ղանջըղը մարդիս տարել ա, հարկավոր ա հետ բերել: Թուղթ ու գիր անողը նախ հարցրեց, Օհանը դեռ կա՞, հետո էլ հավաստիանալով, որ դեռ կենդանի է, կլորիկ գումար ուզեց, ասաց՝ չար ուժը ջահել ա, դժվար պիտի լինի հետ բերելը, բայց անհնարին բան չի, շատ տաս՝ շուտ կգա հետ, քիչ տաս, ուշ կգա.... Որոշումը քոնն ա..
Շարմաղը խնայողությունների մեծ մասը տեղում հանձնեց գրբացին, նկարի կտորների վրա գիլու յուղ քսել տվեց, հավաքեց, լցրեց գրպանը ու ճամփա ընկավ դեպի իր գյուղը, լրիվ վստահ, որ Օհանը մի քանի օրից հետ կգա՝
- Որտեղ քոնը կասես, էնտեղ էլ իմը, Օհան տղա....
Հասավ տուն, ու ի՞նչ տեսավ՝ Օհանը փակ դարպասների մոտ , կատաղած դես ու դեն ա գնում: Կնոջը տեսնելով, Օհանը ձեռքի չալիկը թափահարելով առաջ եկավ, թե
- Աղջի, Շարմաղ, հըմի էլ կասե՞ս, որ չես դավաճանը՞մ: Արի տուն անցիր ու խոստովանիր, թե որդիան ես գալիս, ում հետ էիր: Կամ էլ ի՞նչ եմ երկարացնում՝ համ մեր կողպեքն ա կախ, համ Բարխուդարինը....Էշ պըտի լինես, որ չհասկանաս...
Ու՝ ով կուտի, Շարմաղս կուտի: Չալիկի մի քանի հարված ստացավ կատաղած Օհանից:
Շարմաղը հեչ վստահ չէր, թե ուզում էր էսքան արագ լիներ Օհանի վերադարձը....Իզուր էլ շատ վճարեց, պետք ա գործընդացը դանդաղացրած աներ....Բայց արդեն ուշ էր, մինչ Շար🤔մաղը թուղթ ու գիր էր անում, Օլգան Օհանի խանդի տեսարաններին չդիմանալով, նրան դուրս էր արել....
Շարմաղը մի կողմից նեղված էր, որ քիչ վայելեց ազատությունը, մյուս կողմից էլ սիրտը մի տեսակ զարմանալիորեն հանգիստ էր:
Կարծես ամեն ինչ դզվեց, իր տեղն ընկավ:
Կարևորը՝ Օհանը տանն ա, մնում ա համբերատար խնամի իր ամուսնուն ու խոնարհ սպասի, թե ե՞րբ պետք ա մեռնի, էս սրտամեռը, որ մի երկու տարի ազատություն վայելի , մահվանից առաջ...


ԲԱՐԽՈՒԴԱՐՆ ՈՒ ՌՈՀՈՒՆԴԸ
Ես
anushanahit

Ընդհանրապես, ամուսնությունը բարդ բան է....
Անագմ եթե չես էլ սիրում, էն միտքը, որ էս կինը կամ տղամարդը քոնն է՝ առանց զագսի դառնում է կարծես քո սեփականությունը: Էն պատի տակի երկաթե մահճակալը վկա, էդ մահճակալի վրայի ցանցը վկա, որի վրա դոշակը երբ դնում ես ու պառկում, էնքան օգտագործվել է, որ թուլացել, հասնում է հատակին, վերջապես ընդհանուր երեխաները վկա...էսքան վկաների առկայության դեպքում, զագսը էլ ու՞մ շունն է...
Էսպես էր մտածում Համեստը, ում իսկական անունը Ռոհունդ էին դրել ծնվելիս, իր ռոհունդ ու քոլ հավաքող ու դրանով տունը պահող լոռեցի պապի պատվին...
Համեստը ամուսնական երկար տարիների ընդացքում ութ անգամ էր սեփական մարդու հետ քնել, ու էդ ութ անգամն էլ հղիացել էր: Բայց վերջին ութերերդ քնելը ամուսինը թարսի պես չէր հիշում, որովհետև, ոնց Համեստն էր ասում սկեսուրին՝
- Ի՝ նչ տի հիշիլ...Լակած, ոռից - գլխից ընկած էր...
Բարխուդարը, որ իրոք շան պես լակած է եղել էդ օրը, ոչինչ չհիշեց ու կնոջը էդպես հղի հորանց տուն ուղարկեց, որպես անբարայական մեկին ու երեխաներն էլ չտվեց, թե ես իմ րյեխեքին վստահիլ չեմ էդ դուրս ընկածին....
Համեստը, քանի որ ապրելու միջոց չուներ, երեխաների պահով չպայքարեց, մտածեց, թե հերը, տատ ու պապն են, թող պահեն, ոնց կարում են, հո դուշմանի ձեռին չե՞ն, համ էլ թող ղադրս իմանան, մինչև ես էս մեկին ունենամ, նոր նրանց բերեմ մոտս....
Բարխուդարը, ով գլուխը բարձր պիտի ման գար գեղամիջում, որպես թասիբով տղա, ով պիտի ապացուցեր, որ ինքն էն տղեն ա,ով անբարոյական կնոջ հետ մի օր էլ չի ապրի, մի երկու օր կարողացավ էդպես ինքնավստահ ֆռֆռալ:
Առաջին օրը ժամերով խոսեց թասիբից, բարոյականությունից,
բայց արդեն երկրորդ օրը պարզվեց, որ հաց պիտի թխվի, երեխաները առանց ցամաք հաց չեն դիմանում, քախհանը ելել, լցվել էր մարգերի մեջ, բայց ինքը հո էն տղեն չի՛, որ մտնի մարգերի արանքը, քախհան անի, երեխեքը սոված էին, լոբին քաղող չկար, որ կարտոշկի հետ խառնես, շատացնես, մի պղինձ ճաշ եփես: Հենց երկրորդ օրը պարզվեց, որ երեխաները մաքուր շոր չունեն, ու եթե մի օր չես լվանում, փոխնորդ չունենալու պատճառով տկլոր են մնում:
Եկավ անօգնական կանգնեց կեղտոտ հագուստների բլուրի առջև ու մոլորվեց, մտքերի ետևից ընկավ, թե էս շան աղջիկը էսքանը ո՞նց ա ձեռքով լվացել, էսքան գործը ո՛նց ա արել, անկողնային հոր տակը ո՞նց ա փոխել, որ տնից մի կտոր կեղտի հոտ չէր գալիս... ՛՛Բա լավ, ես ո՞նց անեմ հիմա...Սաղ գեղին ասել եմ, որ անբարոյական ա՝ էդ իրա յեդի րյեխեն ինձանից չի...Բա հիմա ես ո՞նց գնամ Ռոհունդին հետ բերեմ՝ բացառվում ա, հո ծիծաղատեղի չե՛մ դառնալու...՛՛
Երկար-բարակ մտածեց, վերջը ելքը գտավ, կանգ առավ իրենց հարևան, որբեվայրի Զեփյուռի վրա: Հա, ի՞նչ ... ջահել, ժիր կին ա, էս սաղ մի օրում թափով կմաքրի, կիստակի, համ իրան լավ՝ կողքը տղամարդ կլինի, համ ինձ:
Երեկոյան ոտքը Զեփյուռի դռան այգու ծայրին էնքան կախ գցեց, մինչև Զեփյուռը դուրս եկավ, խանութ գնա, կանգնեցրեց, թե Զեփյուռ ջան, դե գիտես, կնգանս դուրս եմ արել, անբարոյական էր, հմի ասում եմ, չամուսնանա՞ք, միասին ապրենք:
Զեփյուռը ծիծաղեց, թե ի՞նչս ա պակաս, որ գամ քեզ ուզեմ ու մտնեմ էդքան հոգսի տակ: Դու գիտե՞ս, թե ինչ ա նշանակում 7 երեխա խնամելը;Դա մեծ պատասխանատվություն ա: Այ որ երեխեքը չլինեին, կարող ա և մտածեի էդ ուղղությամբ:
Բարխուդարը փոր ու փոշման ետ դարձավ, թե ճիշտ ա ասում էլի, ո՛վ կգա 7 երեխա կպահի, էն էլ երբ իրենը չեն...Մտամոլոր, գնաց տուն, նստեց պոպոքի ծառի տակ դրված թախտին, մութաքին հենվեց, նայեց վազվզող, կեղտոտ, կիսասոված երեխեքին, աչքը գցեց հիվանդ, հազիվ ոտքի վրա կանգնող մոր վրա, միտք արեց, միակ ելքը էն գտավ, որ երեխաներին հանձնի կնոջը ու ինքը Զեփյուռի հետ ամուսնանա:
Ոտքերը արագ տարան դեպի կնոջ հոր տուն: Կինը որ տեսավ, ուրախացավ, թե այ էդպես հետ կգաս, երկու օր էլ չես դիմանա էդքան հոգսի մեջ, ու իրոք կինը ճիշտ էր: Միայն չգիտեր, որ Բարխուդարը որոշել ա երեխաներին էլ հանի տանից: Էդ որ լսեց, կինը կարկամեց, թե
- Ես հղի, ուր որ ա ութերորդրդ երեխադ կծնվի, անգամ շարժվել չեմ կարող, ես ո՞նց բերեմ էդքան երեխուն էստեղ, պահեմ, ուտացնեմ, խմացնեմ: Մոռացի, ոնց դուրս ես արել, էդպես էլ գլուխ հանիր, կթողնեմ էնպես կփախնեմ, տեղս էլ չես իմանա, որ երեխեքին բերես մոտս...
Բարխուդարը գլխիկոր գնաց տուն, ճամփին ելք փնտրելով, էս խայտառակ վիճակից....Ոչ կնոջը տուն կարող էր հետ բերեր՝ ինքը էդ տղեն չի, գյուղում կծիծաղեն իր վրա, ոչ էլ երեխեքին է հետ վերցնելու էս շան աղջիկը, հաստատ ինադ ա ընկել....
Մեկ էլ Բարխուդարի գլխում մի միտք լուսարձակեց՝ ելքը կա, ինքը ոչ զագս ունի իր կնոջ հետ, ոչ էլ հայրություն ա ճանաչել: Դա որվել է, որպեսզի նպաստ ստանա կինը, որպես միայնակ մայր....
Դե որ ոչ զագս ունի, ոչ էլ հայրություն ա ճանաչել, բա էլ ի՛նչ իրավունքով են երեխաները օտար մարդու մո՞տ ապրում: Հաջորդ օրը, առավոտ շուտ երեխաներին հավաքեց, հագուստներից մի բողջա կապեց ու տարավ կնոջ հորանց տուն, ասելով, որ նաև սրանց հայրը լինելու մեջ չի վստահ, ոչ էլ կինը իրավունք ունի էսքան երեխուն իր մոտ թողնի, որովհետև հայրությունը չի ճանաչել, օրենքը իր կողմն ա:
Ռոհունդը, ում Համեստ էին ասում մտերիմները, ասաց՝ լավ, դու ճիշտ ես, ուրեմն սրանից հետո, էս կողմը չթեքվես:
Բարխուդարը, ով սպասում էր արցունքների, սկանդալի, շփոթվեց հարցի էսքան հեշտ լուծվելուց: Թեթևացած, կարծես ուսերից մի բեռ էր ընկել, արագ շուռ եկավ, փախնելու նման հեռացավ
կնոջ ու երեխաների մոտից;
Խանութից բան-ման վերցրեց վերջի կոպեկներով, մի հատ էլ կոնյակ ու ու ուղիղ այրի Զարուհու տուն գնաց: Զարուհին ներս հրավիրեց, սուրճ դրեց, Բարխուդարը մի բոլ բողոքեց իր կնոջից, ուրախ հայտնեց, որ վերջնական ազատվել է նրանից, անգամ ալիմենտ չի կարողանա պահանջել երեխաների համար, իրավունք չունի, օրենքով՝ ինքը սիրուհու նման մի բան ա եղել իր կյանքում, թող էդ պահով Զարուհու խիղճը հանգիստ լինի, հաց պանիր կերան, պոմիդորով ձվածեղ, վրայից կոնյակը խմեցին, սերը պատեց երկուսի ուղեղն էլ, որպես ազատ մարդիկ, սիրեցին իրար՝ Զարուհու մեծ մահճակալի վրա:
Ու երբ արդեն խաղաղվեեցին, հանդարտվեցին, սիրտները սուրճ էր ուզում, Զարուհին սուրճի ու պեսոկի տեղն ասաց, Բարխուդարս խելոք գնաց սուրճ եփելու՝ կյանում առաջին անգամ....Ճիշտ ա սուրճ եփելը հեչ իր սրտով չէր, ինքը էդ տղեն չէր, ամբողջ կյանքում իրեն են մատուցել սկուտեղի վրա, բայց մնացածը լրիվ երջանկություն էր:
Երբ սուրճը պատրաստեց, բերեց վայելում էին, Զարուհին մեղմիկ ասաց....Տեսա՞ր էսօր ինչ եղավ;
Բարխուդարը ասաց՝ տեսա....
Զարունհին էլ, թե՝
- Էն իչն եղավ էսօր, էլի կարող ա կրկնվի, եթե էս սուրճը որ հիմա խմում ես, դու բերած լինես, էն հացը որ կերար, դու առած լինես, էն գազը որ վառեցիր, որ դու վճարես, էս կնկան որ սիրեցիր, որ դու լինես իր տերը, ապահովես ամեն ինչով, հոգ տանես.... Ձմռանը՝ փետը բերես, տունը տաք պահես: Ամռանը մրգերն ու բանջարեղենը բերես, ես բեջարեմ, դու բանկաները պտտես, փակես, ձմռանը ուտելու բան ունենանք: Ու ամենակարևորը, երբ ուզենամ՝ գաս, երբ չուզենամ՝ երբեք չանհանգստացնես:
Ու մի հատ քեզ դիր իմ տեղը, ես ինչու՞ պիտի իմ անդարդ գլուխը դարդի տակ դնեմ, անկողնային հորդ տակը փոխեմ, հիվանդ մորդ դարդը քաշեմ, գուցե երեխա էլ ունենամ, հիմա էլ դնեմ ապացուցեմ, որ քոնն ա, թե քոնը չի...
Կարող ես երբեմն գալ, բայց իմացիր, էս սիրուն աղջկա՝ ու մատով ցույց ա տալիս ինքն իրեն, բոլոր հոգսերը պիտի հոգաս...Ես քո կնոջ նման չեմ, որ երբ ուզենաս, քնես հետս, չուզենաս, չքնես, սաղ գործերը ես անեմ, դու ազատ ֆռֆռաս...Տես, Բարխուդար, ես քեզանից իսկական տղամարդ կարող եմ սարքել, էնքան ա, դու ուզենաս:
Բարխուդարիս քեֆը թողեց, խմած կոնյակը օրգանիզմից կարծես ցնդեց վայրկյանական, օյաղացավ, լսածից շոկի մեջ ընկավ, բայց սասաց՝ հա, խնդիր չի, ես բա էդ տղեն ե՞մ, որ քեզ անտեր թողնեմ...
Ու՝ գլխապատառ փախավ Զեփյուռից, դեպի իր տուն:
Տունը դատարկ էր, ծեր ծնողները ամեն մեկը մի անկյունում ծվարած, տխուր, անխոս, դարդի մեջ կորած ու անխնամ...
Բարխուդարը գլուխն առավ ափերի մեջ, տեսավ, որ ինքը ոչ մեկն է առանց իր Ռոհունդի, ում Համեստ էին միշտ ասում, դե արդեն իր արածի համար փոշմանել էր, բայց շատ դժվար էր թքածը լիզել....
Կինն էլ հորանց տանը գիշեր ու ցերեկ իր ու երեխաների ապագայի մասին էր մտորում:
Ու եկավ այն եզրակացության, որ Բարխուդարը եթե իրեն բանի տեղ չի դնում, չի գնահատում, ապա դրա մեղավորը միայն ինքն է;
-Էնքան ասել եմ՝ ես հեչ, ես հեչ, թող մնացածին լավ լինի, որ տանը բոլորը ինձ ՛՛հեչի՛՛ տեղ են դրել, չեն հարգել:
Ծնողների տանը նեղվածք էր, բայց զգում էր, հետ դառնալ բոլորովին չի ուզում; Զարմանում էր, թե ինչու՞ է տարիներով, , փաստացի լրիվ նեմակ, առանց ամուսին, առանց հարգանք ու սեր մտել էդքան լծի տակ: Ու հիմա էլ, որպես վերջին մի անբարոյականի, դուրս են գցել , ամբողջ գյուղը իրենից է խոսում...
Անքուն գիշերներ անց կացրեց Ռոհունդը, գցեց, բռնեց, տառապեց ու տապակվեց, բայց արդեն վստահ գիտեր, որ չի ցանկանում վերադառնալ հին կյանքին....
Ու անհամբեր սպասում էր, որ Բարխուդարը գար իր ետևից, սրտի եղածը ասեր, հանգստանար: Նաև մերժեր ու դուրս գցեր տանից, որպես վերջին մի դավաճանի:
Ու Բարխուդարը չուշացավ.....





ՀԵՐՈՍԱԿԱՆ ՌԱՊՍՈԴԻԱ
Ես
anushanahit
90-ականներին, պատերազմի ժամանակ ընկերներիցս շատերն էին թեժ կետերում ամիսներով կռվում:
Սերոբն էլ էր նրանցից մեկը, ով էդ օրերին նշանվեց: Ուրախացանք, շնորհավորեցինք, երջանկություն մաղթեցինք: Հարսնացուն առաջին օրերին շատ երջանիկ էր, բայց քանի գնում խոժոռվում էր, տխրում , անտրամադիր ման գալիս: Մի օր էլ իմացանք, որ նշանը հետ ա տվել:
Սերոբը ցնցված էր: Ասում ա'
- Ախր էնքան երջանիկ էր, շան աղջիկը... Ժամերով զրուցում էինք, չէինք հագենում միմյանցից: Անգամ ասել եմ իրեն, որ կարող ա էս անգամ դիրքեր բարձրանամ ու դիակս բերեն,լավ մտածի,ասել ա պատրաստ եմ... Ասել եմ,կարող ա երեխեք ունենանք ու ես զոհվեմ, դու պատրաստ ե՞ս էսպիսի դժվարություններին: Արտասվում էր, բան չէր ասում, բայց գլխով համաձայնության նշան էր տալիս:
Էդ օրն էլ , որ նշանը հետ տվեց, առանձնապես բան չէինք էլ խոսել: Սովորականի նման իմ դիրքեր գնալուց խոսեցինք, նորից խոստացավ, որ պատրաստ ա երեխեքին մենակ մեծացնի: Միայն ավել բան, որ եղել էր, խնդրեցի, որ երդվի , մահիցս հետո քարշ չգա սրա նրա հետ, որ երեխեքիս նամուսով կմեծացնի ու իրենց հերոս հոր պատիվը գետնովը չի տա: Էլի ոնց որ միշտ անխոս լաց եղավ, հրաժեշտ տալիս , ինչպես միշտ փաթաթվեցինք, ու ինքը գնաց տուն:
Ձեռքս տարա գրպանս, որ սիգարետ վերցնեմ, նշանի մատանին գտա, որ գցել էր գրպանս:
Զանգեցի' ասաց, ես քեզ խաբել եմ երևի: Ես պատրաստ չեմ այրիանալ, պատրաստ չեմ անհեր երեխաներ նեծացնել, քեզնից հետո էլ չեմ պատևաստվում ինքս ինձ կենդանի-կենդանի հուղարկավորեմ....
Էդպես Սերոբը դիրքեր էր բարձրանում արդեն առանց լիրիկական զեղումների' իր զոհվելու ու որբեր ետ գցելու մասին ոչ մեկ չկար կողքը, որ խոսեր...
Հետո երկար տարիներ կորցրեցի Սերոբին տեսադաշտիցս:
Էսօր փողոցում մին էլ ի՞նչ տեսնեմ, Սերոբն ա դեմից գալիս ողջ ու առողջ:
Քիչ էր մնում հարցնեի' էս սաղ ե՞ս դեռ, այ սարսաղ....)))))

ՌԱՊՍՈԴԻԱ ՇՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Ես
anushanahit
Շունը աղբանոցում ուտելիք էր փնտրում,անիծելով իր կյանքը` "ինչ պատահի ուտում եմ...որտեղ պատահի քնում եմ...իսկական շան կյանք ...."
Աղբանոցի կողքից անցավ մի տիկին`շամպունով լողացրած,փնջած մի շուն հետը:Շները մի պահ կանգ առան,ուսումնասիրեցին,գնահատեցին իրար ու կինը ձեռքի թոկը ձգելով,տարավ իր շնիկին:
Աղբանոցի շունը տխուր նայեց խնամված շնիկին ու մտածեց,որ ինչ բախտավոր է...Ոչ ուտելիք է փնտում երբևէ,ոչ քնելու տեղ ,ոչ տարածք է հարկավոր գրավել ու պետք է բախտ ունենաս,անգամ եթե շուն ես ծնվել:Բա չէ,ինձ նման....
Տիկինը թոկը ձգելով զոռով տարավ իր շնիկին:Տիկնոջ շնիկը շատ տխուր ու դժբախտ զգաց իրեն,երանի տալով աղբանոցի շանը: "Այ սա է երջանկությունը:Կեր ինչ ուզում ես,քնիր ` որտեղ ուզում ես ու կարող ես քո քեֆին ազատ ֆռֆռալ քաղաքով մեկ,ինչքան որ ուզես...Իսկական շան կյանք է.....Բա չէ,ինձ նման...


ԲԱՂՆԻՍԱՅԻՆ ՌԱՊՍՈԴԻԱ
Ես
anushanahit
Քանի որ տատս "լցնովի" չէր սիրում լողանալ, հաճախ էր բաղնիք գնում: Ես էլ փոքր էի ու միշտ ընկերակցում էի տատիս: Նաև առանձին համար չէր վերցնում, ասում էր որ թանկ ա ու շատ անհետաքրքիր ))))
Կանանց ընդհանուր բաղնիսը իրոք շատ հետաքրքիր էր: Բացի բազմաթիվ մորե մերկ մարմիններ ուսումնասիրելուց, նաև ինչ պատմություններ ասես որ չէին պատմում փոքրերիս բանի տեղ չդնելով:
Բաղնիսից դուրս էի գալիս լրիվ աչքաբացված ու լավ ինֆորմացված:
Հետագայում կյանքը բաղնիսից ստացված երանգներ էր ստանում, ասենք դեմդ դուրս ա գալիս ոչ թե հարևան Կարո պապը, այլ 37 թվին գործ տվող բայղուշը , ոչ թե Շուշան տոտան, այլ էսինչի առաջվա սիրածը, ոչ թե Հասմիկ տատը, այլ հարսի միսը կրծած կախարդը: Հաճախ միայն բառերն էին տպվում հիշողությանս մեջ, հետագայում , տարիքիս հետ նոր միայն իմաստն էի հասկանում:
Ու' հա...)))) , ինչ անում չէին անում, ես լրւվ չէի հանվում, որովհետև մեր մանկապարտեզից մի տղա էլ էր հաճախ գալիս մոր հետ: Ես գիտեի, որ ինքը տղամարդ է, չի կարելի նրա ներկայությամբ տկլոր ման գալ, , բայց մեծ կանայք տղուն բանի տեղ չէին դնում: Ու ' շաաատ իզուր ))))
Շատ վառ հիշողություններ են մնացել " օբշի բաղնիքից"


ՍՈՆԱՆ
Ես
anushanahit
Սոնա տատի տունը գյուղի ծայրին էր։ Այգու գործերը կիսատ թողեց, եկավ տուն, որ բորշ ուտի, սուրճ խմի, մի քիչ էլ դինջանա։
Սուրճը կրակին, աչքը սուրճի ջազվեին մտածում էր, որ էս մենակությունը օր օրի ավելի ծանր ա դառնում։ Երբեք չէր ամուսնացել, բայց մտքով անցավ՝ հենց հիմա մի բիձա հայտնվի, կամուսնանա հետը։ Ու ակամայից ծիծաղը եկավ, թե դաժան բան ա մտքովն անցնում՝ բիձեն ու պառավ օրիօրդը....
Չէ, ավելի լավ ա, ոնց նամուսով ապրել ա, էդպես էլ մնա, օր ծերության ծիծաղատեղի չդառնա գյուղացոնց աչքին։
Սոնա տատը սուրճը վերցրեց, նստեց թախտին, մութաքան դլեց թևի տակ ու լռության մեջ սուրճն էր վայելում։
Մտածում էր, որ էս լռությունից ծանր բան չկա, մեկ էլ, որտեղից որտեղ մի մեծ ճանճ, թևերը սրած, հին «զապի» մոտորի ձայն հանելով դրսից իրեն գցեց ներս ու հո իրան պատերով չի տալիս, հո չի խփվում ճակատով մեկ հին շիֆաներկի հայելուն, մեկ պատուհանի ապակուն, հետո դառնում, ինքն իրեն պատեպատ ա տալիս։ Սոնա տատի մենակությունը կարծես փարատվեց, ինքն էլ չհասկացավ, թե ո՞նց վեր կացավ, դուռը փակեց, որպեսզի ճանճը երկար մնա իր հետ։
Կում-կում սուրճը վայելում էր, աչքով ճանճին հետևում։ Հերթական անգամ երբ ճանճը հին մեքենայի շարժիչի ձայն հանելով թռավ, գնաց գլխով խփեց հայելուն, Սոնա տատը սկսեց ծիծաղել, թե այ սատկած, ի՞նչ տեղդ նեղ ա, որ քեզ էսպես պատեպատ ես տալիս։
Հետո մտածեց՝ տենաս չի ցավու՞մ, գլխով էսքան զարնվում ա չոր պատին։
Հետո մտածեց, գնամ ճաշի բերանը փակեմ կափարիչով, էս սրտամեռը ղզղնել ա, չգնա ընկնի մեջը, խեղտվի։
Հետո ժպիտը դեռ դեմքին մտածեց, օրհնվի քեզ բերող մերը, սրտիս վրայի ծանր քարը կարծես թեթևացրեցիր քո մուտքով, իմ գորշ կյանք։
Ճանճը քիչ հետո երևի հոգնեց ու ինչ որ տեղ ծվարեց, Սոնան էլ սուրճն էր խմում, մտքերի ետևից ընկած, աչքերով փնտրելով անկոչ հյուրին։
Չգիտես թե ինչի, հիշեց հարևան Արութիկին, ում տունը էն ժամանակ, ոնց հիմա, պատի էն կողմում էր, բանակից եկել , բեղ ու մորուս էր պահում, ու շատ իրեն սազում էր, աղջիկների խելքը գնում էր Արութիկի համար։
Մի օր Արութիկը ամուսնության առաջարկ արեց ու Սոնան կատակի համար ասաց՝ ես բեղեր, մորուք չեմ սիրում, կամ էլ պիտի չհամբուրվենք, եթե ամուսնանանք։
Արութիկը երջանկացավ էս խոսքերից, հասկացավ, որ բացի բեղ-մորուսից ուրիշ խոչընդոտ չկա Սոնային ուզելու համար, գնաց տուն, սափրվեց, նայեց հայելու մեջ՝ անսովոր էր, ինքն իրեն դուր չեկավ, բայց մտածեց, կարևորը Սոնան հավանի։Եկավ կանգնեց Սոնայի դիմաց, Սոնան աչքերին չհավատաց, ասաց՝ հո դու շաշ չե՞ս, ես կատակ էի արել, ու քեզ չեմ սիրում, գնա ուրիշին ուզիր։
Արութիկը էդ օրվանից Սոնայի կողմն անգամ չէր նայում, խուսափում էր հանդիպելուց, գնաց մի խելոք աղջիկ ուզեց, հետը ձանձրանալով երկար ու ձիգ տարիներ ապրեց, յոթ որդի ումեցավ, տունը լցվեց հոգսով, աղնուկ աղաղակով, երեխաների ճիչ ու ծիծաղով։
Սոնան երբեմն ափսոսանքով մտածում էր, որ կարող էր էս ամենը իրենը լիներ, էս շատ երեխեքը, հիմա էլ մեծացել ամուսնացել են, էս անհաշիվ թոռները...
Ամառները միշտ անհամբեր սպասում էր, թե ե՞րբ պիտի պուճուրները պարիսպն անցնեն, գան բաղչագող, որ իր այգին իմաստավորվի, իր մշակած բերքն էլ տեր ունենա։Ու երեխաների բաղչագող եկած ժամանակ տեղից անգամ չէր շարժվում, չլինի թե երեխաներին վախեցնի, փախնեն։
Սոնան , մութաքան թևի տակ, թախտին կիսապառկած, կես քնած, կես արթուն մտածում էր, որ էս մենակությունը ու լռությունը օր-օրի անտանելի է դառնում, գոնե անտեր ճանճը ձայն հաներ, թաքստոցից դուրս գար, դեմը ֆռֆռար՝ ժամանակ ա, կգլորեր, կգնար։
Աչքը ընկավ կաթսայի վրա, որտեղ բորշը ուր որ է կթթվի, եփել էր ու համն անգամ չէր տեսել։
Հետո ժպտալով մտածեց, հա, ի՞նչ, էգուց մի բիձա եթե ուզեմ, հեչ բան էլ չկարենա անի, գոնե եփածս ճաշերը կկարողանա ՞ ուտի, որ չթթվեն, շան փայ դառնան, ոնց հիմա։
Ու մտքում փնթփնթաց, թե, էխ, Սոնա, Սոնա, բա երբևէ մտքովդ կանցնե՞ր, թե մենակությունից ու մենակության մեջ պիտի մեռնես ու պահ ա լինելու, որ մենակությունդ տուն մտած պատահական ճանճն ա փարատելու։
Ու տեղից վեր կացավ, որ ճանճին փնտրի, տեսնի որտեղ ա ծվարել էդ սրտամեռը։
Ձեռքի սրբիչը դես թափ տվեց, դեն թափ տվեց, ճանճը չկար։
Սոնան չգտավ ճանճին, հոգին ճմլվեց նորից էն մտքից, որ մենակությունից ազատվելու համար հույսը մի պատահական ճանճի վրա է դրել...իսկ կողքի տան բակում քիթները սրբելու ժամանակ չունեն ու չանճերից ազատվելու համար էլ հազար տեսակ կպչուն նյութ են առաստաղից կախ տվել....


ԽՈՐՈՎԱԾ ՆԱԽԱՃԱՇ
Ես
anushanahit
Առավոտ կանուխ եմ վեր կացել, որպեսզի տղայիս ուղարկեմ ճամբար։ Մոտ մի ժամ ունեի, սուրճ պատրաստեցի, եկա բալկոնում վայելելու։
Լվացքը սիրուն շարեցի պարանին, սուրճս վերցրեցի ու մտքերի ետև ընկած կում-կում ըմպում եմ, լվացքովս հիանալով։
Օդը անասելի մաքուր ու սուր էր։Մոլոկանները կաթի բալոններով գնում-գալիս են։
Ինչ որ ճաշի հոտ եկավ, պղտորեց մաքուր օդը։
Նեղվեցի՝ ասա մի քիչ ուշ եփեիք, էլի ))
Մտածմունքներս էլի նույն ուղղությամբ են՝ անպատասխան սերն է թեման։
Ես սիրում եմ իմ երկիրը, իմ քաղաքը, իմ տունը։
Լվացքի պարաններին անգամ կարոտելու եմ եթե լքեմ երկիրը։
Մտածում եմ, էսպես սիրելը սխալ ա, երբ չես պատկերացնում կյանքդ առանց իրեն, իսկ իր համար մեկ է՝ կաս թե չկաս )))
Ճաշի հոտը բակով մեկ անխնա տարածվեց։
Հա, աբսուրդ ա, երբ կյանքդ կապում ես մի երկրի հետ, որին դու պետք չես։
Ավելին՝ ոտնատակ ես ընկնում ))
Արդեն ճաշի տիրոջ վրա բարկանում եմ, խանձահոտը պատել է երկինքը։ Ասա, տնաշեն, ինչքան պիտի անջատված լինես, որ էս հոտը չզգաս։ Մարդ կա՝ ուտելիք չունի, սրանք վառում, թափում են։
Ասա՝ ճաշ ես դնում կրակին, ժամանակ առ ժամանակ տեր եղիր, չվառվի։
Հետզհոտե սկսեց հետաքրքրել, թե ուր է կորել վառվող ճաշի տերը, տեսնես ով ա՝ զանգեմ զգուշացնեմ։
Թե սրանց մարդը ո՞նց ա պահում, դուրս չի անում....
Տո լավ է՞, իրենց հաստատ ավելի շատ են հարգում ու գնահատում, քան ուշադիր, տանը նվիրված մեկին։ Տղամարդ կա, էնքան ա իր կնոջը սիրում, որ վառված ճաշի հոտն էլ ա դուրալի լինում, համն էլ, ինչա՝ սիրած էակի ձեռքով է վառվել )))
Հա, անբացատրելի բան ա էս հողին սիրահարվելը։ Ամեն փոքր բանից երջանկանում ես, եթե ցավ են պատճառում Հայրենիքիդ, որպես անձնական ցավ ես ընկալում, թվում է, սիրտդ չի դիմանա ։
Ու չգիտես, փախնելն ա ճիշտ, թե մնալ իր հետ կործանվելը։
Խանձահոտը բարկությունս ավելացրեց, տեսնես ճաշ վառողների օր չեն նախատեսե՞լ։
Մոլոկանը դուրս եկավ կողքի շքամուտքից, կաթերը բաժանել, թեթևացած գնում էր տուն։
Հոտոտեց։
Չորս կողմը նայեց։
Մեկ էլ գլուխը բարձրացրեց , դեպի վերևի հարկերը ու ինձ տեսնելով ասաց զարմացած՝ хозяюшка , ձեր խոհանոցից ծուխ է բարձրանում։
Տղայիս նախաճաշն էր խորոված դարձել ))


ԱՄԱՆՈՐՅԱ ՌԱՊՍՈԴԻԱ
Ես
anushanahit
Ամուսինը կնոջը տեղեկացրեց, որ գնում է հարևանների Նոր Տարին շնորհավորելու, իսկ կինը թող դինջանա մի քիչ, հոգնած կլինի։
Կինը ուղեկցեց ամուսնուն մինչև դուռը, կարծես բանակ ճամփելիս լիներ՝ հա երեսին էր նայում, մազերը ուղղեց, ունքերը ձեռքով սանրեց դեպի վեր, օձիքը ուղղեց, աչքի պոչով կոշիկների մաքրությունը ստուգեց, վերջին պահին խաղալիք արջուկը տոպրակի մեջ դրեց, թե' առ, էս էլ կնվիրես Հրուշի թոռանը, ու քիչ կխմես, եղա՞վ։
Ամուսինը աչքերը պլպլացնելով գնաց, երջանկացած, որ ազատությունն է վայելելու մոտակա ժամերին։
Ամբողջ տարին երազել էր էս օրվա մասին, որ Նոր Տարին լավ առիթ ա սիրուն Հեղինեին հյուր գնալու համար, տարին կշնորհավորի, ոտքը կախ կգցի, հետը սուրճ կխմի ,իր օգնությունը կառաջարկի կենցաղում, իր մոտ գործի տեղավորելու առաջարկ էլ կանի, թև ու թիկունք կլինի միայնակ գեղեցկուհուն։
Բայց քանի որ առանց օղի խմելու դուռն անգամ թակել չեր համարձակվի, որոշեց հարևանների տանը մի քիչ գինովնա, նոր գնա։
Ուր գնաց՝ Հղինեն մտքին էր, ու ինչքան խմում էր, էնքան համարձակությունը պակասում էր, թարսի պես։
Վերջը որոշեց,որ առանց համարձակության կայցելի սիրուն Հեղինեին, էնտեղ մանցածը պարզ կլինի:
Մի կերպ պատերից բնելով, ճոճվլով ու օրօրվելով , արջուկը թևի տակ,հասավ Հեղինեի դանը։
Հեղինեն դուռը բացեց, շվարած ներս հրավիրեց հաբված հարևանին: Տղամարդը հերոսաբար հասավ սեղանին ու նստելով աթոռին, երջանիկ մի զգացողություն այցելեց իրեն, դա էն էր՝ որ շատ էլ ցանկանա, աթոռից վայր չի ընընկնի՝ պինդ նստած է։
Բայց ահավոր վատ էր զգում, սառը քրտինք էր պատել ճակատին, սիրտը խառնում էր:
Հեղինեն քաղաքավարությունից դրդված հարցրեց'
-Ի՞նչ բերեմ ուտելու
-Տաշտակը բբեե....
Ու չհասցրեց ր-ը տառը արտասանել,ստամոքսի պարունակությոնը հայտնվց Հեղինեի քիմմաքրումից բերած, մաքրությունից պլպլացող գորգի վրա։
Տղամարդը գիտակցեց, որ շատ վատ բան ա ստացվել, կռացավ, որ իր ''էլածը'' հավաքի, լցնի արջուկի տոպրակի մեջ։ Բայց բախտի տերը թաղեմ, էստեղ էլ բախտը չբերեց,հավասարակշռությունը կորցրեց,ու ընկավ հարևանների տանը քիչ առաջ կերած բլինչիկ-տոլմայի մեջ։
Մինչ Հեղինեն հեռախոսն էր փնտրում,որ էս անկոչ հյուրի կնոջը կանչի, անկոչը անհաջող փորձեր էր անում իր իսկ ստեղծած ''լճակից'' դուրս գալու համար, բայց պլստում էր ու հա չլփում գետնին թափված պարունակութան մեջ։ Էս նեղ ՛՛մաջալին՛՛ չեր մոռանում, թե որն է իր այցի առաքելությունը, հա կրկնում էր' Հեղինե, ես քեզ աշխատանքի կտեղավորեմ, բոլոր հարցերդ կլուծեմ, թագավոր տղա եմ, թագուհու պես կպահեմ։
Էս ընթացքում Հեղինեն գտավ տղամարդու կնոջը, կանչեց, որ գա իր մարդուն տանի։
Կինը եկել, կաթվածահար կանգնել էր գետնին թավալվող ամուսնու մոտ ու չգիտեր, թե ոնց բարձրացնի:
Հեղինեն հասկացրեց, որ բեռնատեղափոխման գործում իր հետ հույս չկապեն:
Ու խեցճ կինը ամուսնուն մի կերպ գրկեց, դրեց աթոռին:
Ամուսինը կարծելով, թե Հեղինեն ա իրեն գրկել, ինքն էլ պինդ գրկեց կնոջը, ճենճոտ գլուխը հենեց կնոջ փորին ու բարբաջում էր, թե ինքը թագավոր տղա է, թե ինչան դժբախտ է իր տանը, որ Հեղինեն հենց էն կինն ա,որի մասին միշտ երազել ա, որ թագուհու պես ա պահելու, որ ինքը արժանի չի ամբողջ կյանքում դժբախտ ապրելու։
Կինը գրկեց իր ՛՛գանձին՛՛, հասցրեց մի կերպ իրենց ննջարանը, գորգի վրա բարձ դրեց,մի հին ծածկոց փռեց,ամուսնուն պառկացրեց գետնին, վրան խնամքով ծածկեց ու արցունքները մի կերպ զսպելով իջավ Հեղինեի մոտ։ Անխոս սկսեց մաքրել գորգն ու աթոռները, ներողություն խնդրեց ու բարձրացավ վերև։ Տուն մտնելը չէր գալիս, միայն մի բան էր ուրախացնում, որ երեխաները տատի տանն էին գիշերելու, էս խայտառաությունը չէին տեսնելու
Մտավ լոգարան, ջուրն ու արցունքները միախառնված հոսեցին, գնացին: Լողացավ, ազատվեց կեղտից ու տհաճ հոտից, բայց ծանր զգացողությունը քանի գնում, ավելի էր ծանրանում:
Անխոս հագնվեց, հեռախոսը վերցրեց, ինչ որ համար հավաքեց, կարծես իր կամքին հակառակ, կցկտուր կմկմաց, որ հանդիպել է պետք, ու դուռը փակելով թագավոր ամուսնու վրա, տանից դուրս եկավ' չուզելով, բայց վրեժ լուծելու պես....

?

Log in

No account? Create an account